ԹՈՂ ԽԱՂԱՂ ԼԻՆԻ ԵՐԹԴ ԴԱՐԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ:

Հայոց ազգային բանակի 23-րդ տարեդարձը: 23 տարի առաջ դժվարին պայմաններում` պարտադրված պատերազմի, Արցախի ազատագրության համար մղվող պայքարի, անկախության կայացման հրամայականով ծնունդ առավ Հայոց բանակը: Մեզանից շատերը շատ լավ են հիշում այդ օրերը: Չենք մոռացել ու չէինք կարող մոռանալ, թե ում ջանքերով և ինչպես կայացավ մեր անվտանգության երաշխավոր ու ինչպես շատերն են համոզված`Հայաստանի Հանրապետության ամենակայացած կառույցը` Հայոց ազգային բանակը: Այսօր նրանց բոլորի տոնն է: Շատերն այսօր մեր կողքին են և վայելում են մեր սերն ու հարգանքը: Բայց, ավա˜ղ, բազումք էին նաև նահատակները, որ Եռաբլուրվեցին` հանուն Արցախի ազատագրության ու հայրենիքի անվտանգության: Այսօր նաև նրանց տոնն է: Այսօր մենք նրանց հիշում ու մեծարում ենք անուն առ անուն: Նրանց սխրանքը սերունդների կրթման ու դաստիարակության լավագույն գրավականն է: Անցած տարիները ցույց տվեցին, որ նոր սերունդը արժանիորեն է շարունակում Հայոց բանակի հիմնադիրների նվիրական գործը: Քանի-քանիսը անգամ իրենց կյանքի գնով արժանի հակահարված տվեցին հակառակորդի ոտնձգություններին ու անվտանգ են պահել ու շարունակելու են անվտանգ պահել մեր անկախ հայրենիքի սահմանները, թույլ չեն տալու, որ անարգ թշնամու ոտքը հայկական հողին դիպչի: Փառք ու պատիվ նրանց, փառք ու պատիվ նրանց ծնողներին, որ այդպիսի զավակներ են լույս աշխարհ բերել, փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր դաստիարակել են հայրենիքի այդպիսի զինվորներ: Շնորհավո՜ր տոնդ, Հայո՛ց բանակ, Շնորհավո՜ր տոնդ, հա՛յ զինվոր… Փա՜ռք Հայոց բանակին, նրա զինվորին, զինվոր ծնած մայրերին:
<<Հայրենապաշտպան դաստիարակություն, ահա մեր փրկության խարիսխը>>:

Գարեգին Նժդեհ